ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Միքայել սրբազան Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այսօր մասնակցում է խորհրդարանում ընթացող՝ ՔԿՀ–ներում մահվան և ինքնավնասման դեպքերին վերաբերող փակ քննարկմանը։
Պատգամավորը նշեց, որ այդ հարցը նաև բարձրաձայնել է փակ քննարկման ժամանակ։
«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ստեղծվի անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ վիրահատություն կատարվի։ Արձանագրված տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ պետք է լինի. պետք է այնպես անենք, որ արձանագրված 23 դեպքը չդառնա 24։ Աստված չանի, որ 24–րդը դառնա սրբազան հայրը»,– ընդգծեց նա։
Նա ընդգծեց, որ այս հարցում պահանջատեր է լինելու, ու իր պահանջը պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի սրբազանը պատշաճ օգնություն ստանա։
Պատգամավորը հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել սրբազանի պաշտպանն արդեն համապատասխան դիմում է ուղարկել, սակայն արհեստական խոչընդոտներ են ստեղծում` ասելով, թե որոշ բաներ պետք է փոխվեն դիմումի ձևակերպումների մեջ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։