Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը

Ընդգծվում է, որ թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով եպիսկոպոսների կողմից պատարագներին մասնակցությունը կանոնական կոպտագույն խախտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը, կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթներն ու վերադառնալ կանոնական դաշտ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ անդրադառնալով նախօրեին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում անցկացված պատարագին։
«Մայր աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի որևէ հոգևորական չէր համաձայնել պատարագ մատուցել՝ կաթողիկոսի անվան զեղչմամբ։ Պատարագիչ քահանան Արմավիրի թեմից Մկրտիչ Մուշադյանն էր։ Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում»,- շեշտվում է տարածած հայտարարության մեջ։
Մայր աթոռը կոչ է անում եպիսկոպոսներին գործել բացառապես հոգևոր ասպարեզում՝ օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։