Ո՞ւմ է ձեռնտու խորհրդարանական ընտրությունների նոր մոդելը. Հակոբյանը` թաքնված ռիսկերի մասին

Վիգեն Հակոբյանի խոսքով` այսօր քաղաքական դաշտում առկա ուժերից որևէ մեկը չի կարող միանձնյա 50+1 տոկոս ձայն հավաքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների նոր մոդելը կարող է շահավետ լինել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կայացրած որոշմանը։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։ Մասնավորապես՝ հիմնական ընտրություններից հետո եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե կլինի 2–րդ փուլ, այլ կլինեն նոր ընտրություններ։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ընտրություններում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրական քաղաքական ուժերի դասավորությունը։
«Գործող կայուն մեծամասնության սկզբունքը շատ դեպքերում չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Նոր մոդելը հնարավորություն է տալիս թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը (իհարկե, եթե նրանք կարողանան համակարգված աշխատել)։ Կարևոր է, որ մասնակցող ուժերի թիվը չլինի չափազանց մեծ, որպեսզի ձայները չփոշիանան։ Այս մոդելը, ճիշտ կազմակերպման դեպքում, հնարավորություն է տալիս կոալիցիոն կառավարություն ձևավորել»,– ասաց նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտում առկա ուժերից որևէ մեկը չի կարող միանձնյա 50+1 տոկոս ձայն հավաքել։ Այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը, ըստ Վիգեն Հակոբյանի, կարող են ձևավորել հատվածային՝ փազելային կառավարություն։ Սակայն Հակոբյանը կարծում է, որ 2–րդ փուլի պահպանումը տրամաբանական կլիներ։
«Այն ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին և որոշակի արդյունք են ունեցել, իրավունք ունեն մասնակցելու երկրորդ փուլին։ Դժվար է մեկնաբանել, թե ինչու են գնացել այս փոփոխությանը, քանի որ իշխանության քայլերն ու որոշումները հաճախ փոխվում են՝ առանց որևէ հիմնավոր բացատրության։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ընտրություններին մասնակցած ու բարձր արդյունք ստացած ուժերը պետք է հնարավորություն ունենան մրցելու երկրորդ փուլում»,– նշեց Հակոբյանը։
Խաչատուր Սուքիասյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում չի լինի
Նա հիշեցրեց, որ այս փոփոխություններն ուժի մեջ կարող են մտնել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե, իհարկե, դրան հաջորդեն սահմանադրական փոփոխությունները։
Հակոբյանն ուշադրություն հրավիրեց 2026 թվականի ընտրություններում գործող նոր կարգի վրա, որը շատ ավելի վտանգավոր համարեց։
«Այս ընտրություններում կգործի արտակարգ դրությամբ ընտրությունների չեղարկման նոր դրույթը, որը շատ ավելի կարևոր է, քանի որ արտակարգ դրության պայմաններում անգամ կայացած ընտրությունները չեղարկելու մասին է։ Կարծում եմ՝ իշխանությունն իրեն ապահովագրելու համար է մտցրել, որ մեխանիզմ ունենա իր համար անցանկալի արդյունքից հրաժարվելու։ Ցանկացած պատրվակ կարող է օգտագործվել արտակարգ դրություն հայտարարելու համար՝ ներառյալ արտաքին գործընկերների միջոցով համապատասխան իրավիճակ ստեղծելը»,– ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը հավելեց, որ իշխանության կողմից նման քայլերի իրագործելիությունը կախված է նրանից, թե հասարակությունն ու ընդդիմությունն ինչքան ուժեղ դիմադրություն կարող են ցույց տալ։ Նա վստահեցրեց` եթե իշխանությունն ուժ զգա հանրային տրամադրությունների մեջ, ապա նման մթնոլորտում ուժային կառույցները կմտածեն՝ կատարե՞լ իշխանության ցանկացած հրաման, թե՞ ոչ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։