ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ներգրավել է նաև արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Փաշինյանն արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել»,-գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը»,-գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։