ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի կոնկրետ պատասխան, թե ինչու են վերհիշել Արշակ սրբազանին վերագրվող 7 տարվա վաղեմության գործը։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե իշխանությունը դրանով չի զբաղվում. դրանով զբաղվում են իրավապահ մարմինները։
«Այլ մեկնաբանություն չունեմ, գործը գտնվում է քննչական մարմինների լիազորության ներքո»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ԱԱԾ ծառայողները նախապես հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ «խնդրելով» պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը, Հովհաննիսյանը կրկին ուղիղ չպատասխանեց հարցին` նշելով, թե Փաշինյանի ասածը որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, նրանց խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ։
«Դա կապ ունի բացառապես նրա հետ, թե տվյալ հոգևորականները կիսո՞ւմ են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը, թե ոչ»,– ասաց ՔՊ պատգամավորը։
Ըստ մամուլի հրապարակումների` դիվանագիտական տարբեր խողովակներով է իշխանությունը արդեն փորձում ճնշում գործադրել եկեղեցու վրա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը բանակցություններ է վարում ԱՄՆ թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտրյանի հետ, և հենց նրան է իշխանությունը տեսնում որպես կաթողիկոս։
Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ զարմանալի որևէ բան չկա` Հայաստանի պետական ինստիտուտները շփվում են եկեղեցու թեմերի հետ։
«Կտրիճ Ներսիսյանը (Ամենյն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–խմբ.) կաթողիկոս է դարձել 1999 հոկտեմբերի 27–ին, և այդ պահից սկսած եկեղեցական հարաբերություններին համապատասխան որևէ բան ես չեմ կարծում, որ կա եկեղեցու բարձրաստիճան դիրքերում։ Այդտեղ ավելի շատ մաֆիոզ տրամաբանությունն է գործում»,– նշեց նա։
Եկեղեցուն առնչվող մյուս բոլոր հարցերին ՔՊ–ական պատգամավորները խուսափեցին պատասխանել` նշելով, որ չունեն մեկնաբանություն։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր` դեկտեմբերի 5–ին, դատարանը 2–ամսյա կալանք սահմանեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ։