ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում),– տեղեկացրին ՔԿ–ից:
Փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր նա 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,– ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։
Նա նշել է, որ Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը ավարտվել են: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։