Արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն անվերապահ աջակցություն են հայտնել վեհափառին

Բարձրաստիճան հոգևորականներն անընդունելի են համարել կաթողիկոսի անվան զեղչումը պատարագի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ անվերապահ աջակցություն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման և ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ, նրանք անհանդուրժելի և դատապարտելի են համարում Սուրբ պատարագի ընթացքում վեհափառի անվան զեղչումը, որը, ըստ նրանց, եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Նրանք համոզմունք են հայտնել, որ եպիսկոպոսների միասնության և համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ եկեղեցու։
Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ։
Ավելի ուշ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, նշելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է։
«Կաթողիկոսական հանգամանքին առնչվող ցանկացած հարց կարող է քննվել միայն այն մարմինների կողմից, որոնք սահմանված են մեր եկեղեցական օրենքներով, և միայն այն ընթացակարգով, որը մեզ փոխանցված է սուրբ ավանդությամբ»-, նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մայր աթոռը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսների ժողով է հրավիրվել՝ քննարկելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։