ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն գործողների գերակշիռ մեծամասնությունն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք ինքնասպանությունները կապվա՞ծ չեն ՔԿՀ-ներում տիրող վատ բարքերի և ազատազրկված անձնանց նկատմամբ կիրառվող ճնշումների հետ։
Նախարարը նշեց, որ ինքնավնասման հակում ունեցող անձանց բանտախցերում տեղադրվում են տեսախցիկները՝ նման դեպքերը կանխելու համար։
«Մենք իրականացնում ենք հաշվառում։ Եթե ուսումնասիրեք վիճակագրությունը, կտեսնեք, որ, օրինակ, պայմանական եմ ասում՝ 500 ինքնավնասման դեպք ենք ունեցել, բայց դրանք կատարվել են 30 անձի կողմից։ Այսինքն՝ մենք ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծն ինքնավնասում կատարելն է»,- նշեց Գալյանը։
Հավելեց՝ երբ գործ ունենք անձանց հետ, ովքեր ոչ թե ինքնավնասման իմիտացիայով փորձում են պարզապես ուշադրություն հրավիրել, ինչ-որ հարց բարձրաձայնել, այլ կոնկրետ ունեն ինքնավնասման հակում, շատ դժվար աշխատանք է ինքնասպանության կանխումը։ Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Նուբարաշենում Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգումից հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալների մի մասը տեղափոխվեց այնտեղ։
«Ինքնասպանությունների, ինքնավնասումների բացառման հիմնական գործոնը պետք է լինի հոգեբուժական ճիշտ հաշվառումը, ու նրանց հիվանդության անհամատեղելիության սահմանումը պատժի կրման հետ»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է լրագրողների հարցադրումներին՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների նկատմամբ նվաստացման դեպքերի վերաբերյալ, նախարարն առաջարկեց նման տեղեկությունների մասին գրություն ուղարկել նախարարություն։ Խոստացավ՝ այն անհետևանք չի մնա։
Նշենք, որ օրերս տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ այս տարի արդեն ՔԿՀ-ում մահվան 22-րդ դեպքն է գրանցվել։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախօրեին նաև գրառում էր կատարել այդ մասին՝ նշելով, որ «մարդիկ լրջագույն առողջական խնդիրներով, նույնիսկ մի կողմը թուլացած ու ձեռք-ոտքը չաշխատող վիճակում շարունակում են մնալ բանտում։ Ու ոչ դատարանները, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը չի տեսնում անհամատեղելիություն»։
Սեպտեմբերին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ ՔԿՀ-ում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ստիպված են լինում բուժսպասարկման հերթում երկար սպասել։