ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եկեղեցու ներսում առաջացած խնդիրները պետք է լուծել ոչ թե բաժանմամբ կամ հակադրությամբ, այլ սիրո, համբերության ու միասնական պատասխանատվության ոգով։ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու հանդարտության կոչ արել՝ նշելով, որ եկեղեցին կանգնած է մի շարք ներքին ու արտաքին վտանգների առաջ։
«Մենք մի մեծ տուն ենք, որտեղ կարող են լինել և կան անհամաձայնություններ, տարակարծություններ, երբեմն՝ նաև լարվածություն ընտանիքի անդամների միջև։ Ժողովողն ասում է` «Կա քարեր նետելու ժամանակը, և կա քարեր հավաքելու ժամանակը»։ Քարերը նետված են, պետք է գտնել քարերը հավաքելու ժամանակը։ Պահը, որքան էլ փորձություններով լի լինի, կարող է դառնալ նաև փոխադարձաբար իրար լսելու և միասնաբար լուծումներ որոնելու և ամենացավոտ հարցերին պատասխաններ գտնելու առիթ ու ժամանակ»,– նշել է սրբազանը։
Նշենք, որ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին օրեր առաջ ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նույն օրը այդ եպիսկոպոսներին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։