ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Տեր Արարատ քահանա Պողոսյանն այսօր պատարագ չի մատուցի։ Այս մասին սոցցիալական ցանցերում գրել է հենց ինքը՝ քահանան։
«Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է»,– ասել է նա։
Նա նշել է, որ պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը։
Արարատ քահանա Պողոսյան
© By Zeynalian - Բեռնողի սեփական աշխատանք,
«Եթե նա համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ»,– ասել է Տեր Արարատ քահանա Պողոսյան։
ԶԼՄ տեղեկություններով` Սուրբ Սարգիս եկեցու քահանաները հրաժարվել են անցկացնել պատարագը։
Նշենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, որը մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և մեկն է եպիսկոպոսներից, որը ստորագրել Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հայտարարության տակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նույն օրը այդ եպիսկոպոսներին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։