ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական սահմանով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտ արտահանել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Բեռնատարը նախ զննվել է ռենտգեն տեսազննման կայանում, ապա բեռնատարի վերելակի պատերի մեջ կասկածելի խտություն նկատելուց հետո մաքսային ծառայողներն էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքով ֆիքսել են օտար մարմիններ։ Բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվի։
Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: