Չէր կարող կատարվել փորձաքննություն․ փաստաբանը՝ Արշակ սրբազանին վերագրվող նյութերի մասին

Պաշտպանն ակնկալում է, որ ՔԿ-ն համապատասխան գործընթաց կսկսի Արշակ սրբազանի և եկեղեցու նկատմամբ թշնամանքի և ատելության տարածման առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ողջամտորեն չէր կարող նշանակվել և չէր կարող կատարվել տեսանյութերի փորձաքննություն, իսկ եթե կատարվել էր, ապա այն չէր կարող տրամադրվել այլ անձանց նախաքննության գաղտնիության պահանջներից ելնելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Քիչ առաջ մերձիշխանական սոցցանցերում և ԶԼՄ-ներում, այդ թվում՝ ՔՊ կուսակցական, տարածվել էր 13 եպիսկոպոսներին վերագրվող նամակ։ Ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Իբրև թե նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն հայոց կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Եռաէջ նամակի առանձին էջի վրա 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
Բաբայանը նշում է՝ հայտնի չէ՝ գրությունն իրական է, թե ոչ, քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին։ Հիշեցնում է, որ սա նման ձևաչափով առաջին գրությունը չէ, օրեր առաջ ևս մեկն էր տարածվել՝ կրկին մի շարք տառասխալներով։
«Ակնհայտ է, որ գրում, տալիս են, մի մասը ստորագրել էին, մի մասը չէին էլ ստորագրել»,- ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է գրության մեջ նշված փորձաքննությանն ու դրա արդյունքների՝ եպիսկոպոսներին տրամադրմանը, Բաբայանը նշում է՝ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, ուստի ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։
«Արշակ արքեպիսկոպոսն ասել է, որ այդ տեսանյութերն իր հետ առնչություն չունեն։ Դա ոչ միայն զրպարտություն է, բարի համբավի արատավորում, այլև թշնամանքի, ատելության տարածում է Արշակ սրբազանի և եկեղեցու նկատմամբ»,- ասաց Բաբայանը։
Հավելեց՝ Արշակ սրբազանը հարցաքննության ժամանակ բանավոր այդ մասին ասել է վարույթն իրականացնող քննիչին՝ ակնկալիքով և հորդորով, որովհետև թշնամանքի քարոզումն ու տարածումը քրեորեն պատժելի արարք է։ Արդյոք որևէ քայլ ձեռնարկվե՞լ է այս ուղղությամբ, Բաբայանը չգիտի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։