ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել ու մեկուսացնել Հայաստանի մի շարք տարածքներում բռնկված հրդեհների օջախները: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՓԾ–ն թվարկել է այն տարածքները, որտեղ բռնկված հրդեհները հաջողվել է մարել․
Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,
Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,
Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,
Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,
Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։
Ըստ հաղորդագրության` ժամը 12:00-ի դրությամբ` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել են, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է։ Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։
Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից 1000–ից ավելի փրկարարական ծառայողներ, որոնք համագործակցում են ոստիկանության, էկոպարեկային ծառայության և պաշտպանության նախարարության հետ:
Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից 1000–ից ավելի փրկարարական ծառայողներ, որոնք համագործակցում են ոստիկանության, էկոպարեկային ծառայության և պաշտպանության նախարարության հետ:
Հրդեհաշիջման գործողություններին միացել են նաև հարակից համայնքների բնակիչները։
ՆԳՆ փրկարար ծառայությունը համայնքների բնակիչներին հորդորում է արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգել 911։