Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Սպարտակի» մարզադաշտում

Նիկիտա Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ մարզական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ առաջարկել էին, որ Սիմոնյանը Հայաստանում հուղարկավորվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Լեգենդար մարզիչ և ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի «Լուկօյլ Արենա» մարզադաշտում, որտեղ տրիբունաներից մեկն անվանակոչված է Սիմոնյանի պատվին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը։
Մինչ այդ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում կկայանա Սիմոնյանի հոգեհանգստը։
«Շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ վաղը Նիկիտա Պավլովիչն այլևս չի գա Ռուսաստանի ֆուտբոլային միության գրասենյակ, մենք այլևս չենք հանդիպի, չենք խոսի ֆուտբոլի մասին, չենք քննարկի աշխատանքային հարցեր: Նա կարողանում էր լսել և բացատրել այնպես, որ շատ բան ավելի պարզ էր դառնում։ Սա մեծ կորուստ է ոչ միայն ՌՖՄ-ի, այլև մեր ամբողջ երկրի համար: Նման մարդիկ քիչ են»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը։
Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողության ժամի և հուղարկավորության վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ: Նա կհուղարկավորվի Վագանկովյան գերեզմանատանը։
Նշենք, որ մարզական ոլորտի հայազգի մի շարք գործիչներ առաջարկով էին հանդես եկել, որ Սիմոնյանը հուղարկավորվեր ծննդավայրում՝ Հայաստանում։
Հիշեցնենք, որ 99 տարեկան Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին, մահացել է նոյեմբերի 23-ին։ Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ նրան պատրաստվում են հուղարկավորել Վագանկովյան գերեզմանատանը։
Նիկիտա Սիմոնյանը մահից կարճ ժամանակ առաջ կոտրել էր ոտքը. Վյաչեսլավ Կոլոսկով