ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Կասկածներ կան, որ ջրային պարեկների նոր ծառայությունը կարող է որոշ դեպքերում աչք փակել Սևանա լճում առանց թույլտվության արդյունագործական ձկնորսության վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին նշեց բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ մեկնաբանելով հունվարի 1-ից լճում սիգի արդյունաբերական որսի մաքսատուրքերի բարձրացման հնարավոր ազդեցությունը։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2025 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2026 թ. փետրվարի 1-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն վերահսկողության ուժեղացված միջոցառումներ։
Ղազարյանի խոսքով՝ հասկանալու համար, թե որքանով արդյունավետ կլինեն սահմանափակումները, պետք է իմանալ` ինչքան են ձկան նախնական արդյունագործական պաշարները: Ըստ պաշտոնական տվյալների՝ այժմ դրանք 1550 տոննա են։ Հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, սակայն դժվար է դատել, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրական քանակին։Ձկնագողերը Սևանա լճում անցել են գիշերային «աշխատանքի». նրանց հայտնաբերել են դրոններով
2026 թ. հունվարի 1–ից նախատեսվում է նաև 3 անգամ բարձրացնել 1 կգ սիգի դրույքաչափը։ Նախկին փոխնախարարը չի բացառում այն վտանգը, որ ձկնորսական ձեռնարկություններն ու անհատ ձեռնարկատերերը ինչ-որ ծավալի ձուկ կբռնեն, 10%-ով քիչ կգրանցեն, և այդ 10%-ը, այսպես ասած, կփոխանցեն պարեկներին:
«Դժվարանում եմ այս մասով բան ասել, թե որպես նոր ստեղծված կառույց որքանով է արդյունավետ։ Օրինակ` անտառտնտեսության պահպանության առումով էկոպարեկային ծառայությունն առանձնապես աչքի չի ընկնում։ Նույնիսկ, ըստ օդում կախված լուրերի, իրենք մտել են ապօրինի պայմանավորվածությունների մեջ, գումար են վերցնում և թույլ են տալիս, որ մարդիկ ծառեր հատեն, փայտ դուրս բերեն։ Ենթադրվում է, որ Սևանի մասով էլ դա կարող է աշխատել, սակայն դժվար է հիմա ասել, թե ինչ արդյունքներ կլինեն»,- նշեց նախկին պաշտոնյան։
Հիշեցնենք՝ բնօգտագործման սակագները վերջին անգամ վերանայվել են 2006 թվականին։ Անցած տարիների ընթացքում բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափը կրկնապատկվել էր, միայն սիգն էր բացառություն մնացել: 2026 թ․ հունվարի 1-ից նախատեսվում է 1 կգ սիգի համար դրույքաչափը 65 դրամից բարձրացնել և դարձնել 200 դրամ։
Բացի այդ, վճարման կարգը փոխվել է. եթե այժմ վճարումները կատարվում են որսը կատարելուց հետո, ապա հունվարի 1-ից ձկնորսները ստիպված կլինեն նախապես վճարել համաձայնեցված քվոտայի համար (եթե իրականում ավելի քիչ որսան, գումարը չի վերադարձվի):