ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին». քաղաքացիներն այս և այլ գրառումներով պաստառներ պարզած` բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց։
Բողոքի ակցիա դատախազության դիմաց
© Sputnik
Նրանք ձեռքերում պահում են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Բողոքի ակցիա դատախազության դիմաց
© Sputnik
«Այս իշխանությունը, որը հաճախ խոսում է ժողովրդավարության մասին, ցանկացած ընտրություն` կլինի Բրյուսովի ռեկտորի ընտրություն թե համայնքի ղեկավարի, եթե իր քիմքին հաճելի չէ, ապա այլ որոշում է կայացնում, և այդ մարդիկ առնվազն բանտարկվում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան
© Sputnik
Հավաքվածները նշեցին, որ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի և դավանանքի համար։
Բողոքի ակցիա դատախազության դիմաց
© Sputnik
«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երեք առաջնորդներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, ապօրինի ազատազրկված են, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել ու հետապնդվում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետներ և ՏԻՄ աշխատակիցներ», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հովհաննես Ավետիսյանը դատախազության մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ
© Sputnik
Ակցիան շարունակվեց «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց` դատախազության դիմաց են, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրենքը՝ Սահմանադրությունը։
«ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– ասաց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան
© Sputnik
Դիմելով դատախազներին` Արծվիկ Մինասյանը հորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականությունը և ՀՀ Սահմանադրությունն անշեղորեն կատարելու երդումը։
Նա տեղակացրեց, որ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։
Депутат Арцвик Минасян во время акции в защиту всех политзаключенных у здания Генпрокуратуры РА (20 ноября 2025). Еревaн
© Sputnik
Ակցիան շարունակվեց երթով դեպի Շենգավիթի դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը։
Երթ դեպի Շենգավիթի դատարան
© Sputnik
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։