ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները երթով հասան Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան։
Նշենք, որ հենց այստեղ տեղի է ունենում «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Այժմ քննվում է գործով անցնող անձանց կալանքների միջնորդության հարցերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ-ականներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Ե՛վ այդ ժամանակ, և՛ այս պահին քաղաքացիների ձեռքում «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին» և այլ գրառումներով պաստառներ են։ Նրանք ձեռքերում պահում են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները։
«Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության համար իրականացված ցանկացած ակցիա իրականում միտված է ժողովրդավարությունը, ազատ խոսքն ու միտքը պաշտպանելուն։ Հիմա մեր երկրում 30-ից ավելի անձ կամ ապօրինի կալանքի մեջ է, կամ սահմանափակված են նրանց հիմնարար ազատությունները»,- նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ ակցիաներն իրականացվում են քաղբանտարկյալներին առնչվող խնդիրների ուղղությամբ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Պատգամավորը նշեց՝ բազմաթիվ անձինք օրենքի հետ կապ չունեցող մեղադրանքներով հայտնվել են կալանքի տակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ընդգծեց՝ երբ իրենք վանկարկում են «ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», դա ենթադրում է` ֆիզիկական ազատություն, իրավունքների վերականգնում, արդարադատություն, ինչպես նաև քաղաքական հետապնդումների վերացում։
«Բոլոր անօրինականությունները, որ կատարվել են երեկ, կատարվում են այսօր՝ չի ներվելու որևէ մեկին։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել անօրինական հրամաններ կատարելը, վերջ տալ ռեպրեսիաներին»,- ասաց Մանուկյանը։
Այս պահին էլ շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը, իսկ քաղաքացիները շարունակում են մնալ դատարանի բակում` ուղիղ երթերով հետևելով նիստի։
Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «ազատությո՛ւն»։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։