ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կոչ է անում չհիասթափվել երկրում տիրող անարդարության դրսևորումներից, քանի որ մի քանի ամիս անց միևնույն է արդարությունը հաղթելու է։ Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել։
«Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։ Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի»,–նշել է Կարապետյանը։
Նա վստահեցրել է, որ ընդամենը մի քանի ամսից հնարավոր կլինի իրար շնորհավորել արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:
«Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»,–եզրափակել է նա։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։