ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing ընկերությունն արդեն սկսել է ամերիկյան նորագույն F-47 կործանիչի մշակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Boeing ընկերությունն արդեն սկսել է F-47 կործանիչի ստեղծումը»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ներդրումային համաժողովում:
ԱՄՆ նախագահը վստահ է, որ ամբողջ աշխարհը շահագրգռված է ամերիկյան զենքի, այդ թվում՝ հրթիռների և կործանիչների մատակարարման հարցում:
«Աշխարհի բոլոր երկրներն ուզում են մեր կործանիչները, մեր հրթիռները»,-ասել է Թրամփը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրն ամենաբարձր մակարդակի վրա է արտադրության առումով։
«Հիմա մենք այնպիսի մակարդակներում ենք արտադրում, որպիսին նախկինում երբեք չենք ունեցել։ Բացի այդ, մենք շատ բան ենք ուղարկում մեր դաշնակիցներին, նրանց հնարավորություն ենք տալիս ստանալ ամերիկյան ռազմական արտադրանքը»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ցանկություն է հայտնել, որ այդ ընկերությունները ավելի շատ գործարաններ կառուցեն և արագացնեն արտադրությունը։