ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Մայր աթոռը կոչ է անում տարբեր մեքենայությունների միջոցով Հայ առաքելական սուրբ եկեղեցին չներքաշել քաղաքական դաշտ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահան Արթենյանը։
«Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,- ընդգծել է քահանան։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու «մանդատ» է։