Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

Մեսրոպյանի խոսքով՝ կան ձևավորված ֆինանսական բարձիկներ, որոնցով փորձելու են մեղմել իրավիճակն ու թույլ չտալ սակագնի բարձրացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը խուսափում է էլետրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կանխատեսում անելուց։ Այսօր ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մեսրոպյանը նշեց՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, սակայն ինքը լավատեսություն ունի։
Ինչպես հայտնի է, այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև մի շատ կարևոր խոչըդոտող գործոն կա գալիք տարվա համար։ Գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ սովորական 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա»,-ասաց Մեսրոպյանը։
Հավելեց՝ տարբեր գործոնների ազդեցությամբ կան ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, որոնցով փորձելու են մեղմել ատոմակայանի՝ 5 ամիս չաշխատելու հանգամանքը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։