ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ տիրապետում է «Հայաստանի էլեկտրան ցանցեր» ընկերությունում առկա իրավիճակին։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընդմիջման ժամանակ։
«Ստանձնելով իմ լիազորությունները ՀԷՑ–ում, իրականացնելով վերահսկողական ու ստուգողական մի շարք գործողություններ ընկերությունում` մի քանի շաբաթ անց ինձ համար պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ–ում տիրող իրավիճակը, որը թաքցվել է ՀԾԿՀ–ից ու այլ պատկան մարմիններից, ստիպել է ՀԾԿՀ նախագահին` վարչական վարույթ հարուցելու ընկերության նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով»,– հայտարարեց նա։
Պետրոսյանը համամիտ չէ այն կարծիքների հետ, որ ինքն ուղղորդում է ՀԾԿՀ նախագահին, քանի որ ինքը հենց նրա կողմից նշանակված պաշտոնյա է։
Անդրադառնալով հարցին, թե որքան աշխատավարձ է ստանում, Պետրոսյանը նշեց, որ դա իր անձնական գործն է։
«Իմ աշխատավարձն իմ հայտարարագրում կտեսնեք։ Ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարավել ենք այն միլիոնավոր պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող և ազատված պաշտոնյաները»,– վստահեցրեց ժամանակավոր կառավարիչը։
Նա հայտարարեց, որ Կարապետյանների ընտանիքի համար բավական մեծ շնորհակալ գործ է արել այս երեք ամիսների ընթացքում։
«Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուր միլիոնավոր դրամների խնայողություններ եմ արել գնման գործընթացների արդյունքում, ներդրումային ծրագրի իրականացման մատարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովելու արդյունքում, ինչպես նաև միջին և վերին օղակներում առկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով։ Դրանք վերջնարդյունքում դառնալու են շահույթ, որից շահութահարկը վճարելով` Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ է ունենալու հետագայում»,– ընդգծեց Պետրոսյանը։
Կարճ ժամանակ անց ՀԾԿՀ հայտարարած 30 րոպեանոց ընդմիջումը, որի ժամանակ պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի բացարկի միջնորդությունը, ավարտվեց։ Հանձնաժողովի նախագահը, վերադառնալով նիստին, բացարկի միջնորդությունը դրեց քվեարկության։ Այն հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության արդյունում մերժվեց։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։