ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
«2018թ․ վերջին մեր պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, իսկ հիմա՝ մինչև 14 միլիարդ դոլար, այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է։ Իսկ պարտքի սպասարկման համար այս տարի տրվելու է 432 միլիարդ դրամ, որը մոտ կրկնակի ավելի է մեր առողջապահության ոլորտին տրվող գումարից։ Այդքան գումարներ ներգրավել եք, իսկ ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծվել մեր երկրում, որ մեր թոռները կարողանան գնահատել այդ արժեքը»,- իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանությունն անընդհատ խոսում է դպրոցների կառուցման մասին, սակայն խոստացված 300 դպրոցի փոխարեն, ըստ նրա, 59 է կառուցվել, ընդ որում՝միայն 33-ն են նորը, իսկ մնացած 26-ը վերակառուցվել են։ Խոստացված 15 ջրամբարներից միայն Վեդիինն է կառուցվել, այն էլ, պատգամավորի խոսքով, 2016թ․-ին է մեկնարկել կառուցումը, գործող իշխանության օրոք ավարտվել է։
Մկրտչյանը շեշտեց՝ պետական պարտքը գրեթե կրկնապատկած իշխանությունն այս տարիների ընթացքում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտ, ենթակառուցվածք չի ավելացրել երկրում։ Հիշեցրեց տարիներ շարունակ հնչող` մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման խոստման մասին՝ նշելով, որ իշխանության խոստումները նման են հենց կայարանին, որի մասին տարիներ շարունակ խոսում են, բայց այն գոյություն չունի` ինչպես խաղաղությունը, ժողովրդավարությունը։
«Իրականում օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից, ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 155 միլիոն դոլարով, իրականում ո՞վ պետք է գա, մեր երկրում ներդում անի, երբ օրը ցերեկով բիզնես են խլում, երբ հայտարարվում է՝ հարկատուն հերոս է, բայց այդ կարգախոսի ներքո կեղեքում են մեր հայրենակիցներին, հարկային տեռոր է իրականացվում։ Ձեզ համար հարկատուն ոչ թե հերոս է, այլ սովորական տուգանքի մատերիալ։ Իսկ եթե էդ հարկատուն մի հատ էլ ընդդիմադիր հայացքներ է ունենում, առնվազն պոլին պետք է պառկեցնել»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև խաղադրույքների ոլորտին։ Նրա տեղեկություններով՝ 2018թ․ 422 միլիարդ դրամ խաղադրույք է կատարվել, 2024թ․՝ 7,2 տրիլիոն։ Հավելեց՝ այս ակնհայտ աճը խրախուսվում է նաև այս իշխանությունների կողմից։
Աննա Գրիգորյանը շարունակում էր թվարկել գործող իշխանությունների օրոք տեղի ունեցած իրողությունները՝ Արցախի կորուստը, բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը և այլն, երբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը որոշեց անջատել նրա խոսափողը։