ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն տեղեկությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Քիչ առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ցանկանում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ ԱՀԾ–ից հավելել էին` քանի որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ թանկ է ռուսականից, Երևանը Բրյուսելին առաջարկել է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։
«Չի կարող նման բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։