ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։ «5–րդ ալիք» ՀԸ–ի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ՌԴ–ին այլ բան չէր մնում, քան հեռանալը։
«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի տակ կար ՌԴ նախագահի ստորագրությունը, ինքը պարզապես վկա չէր, ստորագրել էր, բացի դա նաև պատասխանատվություն էր ստանձնել անվտանգության համար և տեղակայել խաղաղապահ ուժեր։ Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինելուց։ Ի՞նչ է ասել ՀՀ–ն Պրահայում` «Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` ներառյալ Արցախը»։ Դրանից հետո ՌԴ–ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ Հայաստանը զրոյացրել է»,– ասաց Քոչարյանը։
Արցախի վերջնական կորուստը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության։
«Մտածո՞ւմ էինք, որ ՌԴ–ն ցմահ պետք է իր վրա պատասխանատվություն վերցներ Ղարաբաղի համար։ Այդպես միջազգային հարաբերություններում չեն անում։ Եթե Հայաստանն այդ քայլը չաներ, չեմ կասկածում` 5 տարին կերկարացվեր ևս 5 տարով, և կլիներ քաղաքական լուծման ինչ–որ տարբերակ»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023թ–ի սեպտեմբերին Արցախխում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց` 2024–ի ապրիլի 15–ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։