ՀԷՑ–ում մի քանի հարյուր ազատված աշխատակից կա. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` մի քանի տասնյակ դատական հայցեր կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մի քանի հարյուր ազատված աշխատակից կա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով` բոլոր ազատումներն օրինական են։
«Ազատումները հիմնված են բացառապես օրենքի և իրավունքի գերակայության առաջնահերթությունների վրա։ Բոլոր ազատված պաշտոնյաները կա՛մ չեն համապատասխանեցրել իրենց պաշտոններին, կա՛մ վնաս են հասցրել, կա՛մ վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին»,– ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով` մի քանի տասնյակ դատական հայցեր կան և նա վստահ է, որ արդարացի վճիռներ կկայացվեն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։