Ո՞ր դեպքում հայտարարատուն կստանա սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Ազգային ժողովը հոկտեմբերի 24–ին ընդունեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ։ Այս մասին այսօր պարզաբանում է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 24–ին ընդունեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։ Ըստ այս փոփոխությունների` հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները բավականին երկար ժամանակ կունենան ՊԵԿ համակարգ մուտք գործելու, հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը ստուգելու և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։ Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի։

«Ֆիզիկական անձինք կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկային մարմին են ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր։ Կարևոր է իմանալ` եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկային մարմին չեք ներկայացրել, և այն համարվել է ներկայացված հարկային մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված և ճշտված հայտարարագիր և օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից»,– նշել են ՊԵԿ–ից։

Կոմիտեից նշում են նաև, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացին ներկայացրել է հայտարարագիր, սակայն հաշվարկային թղթի բացակայության պատճառով չի ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող է ներկայացնել ճշտված հայտարարագիր և օգտվել հնարավորությունից։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ 2026 թվականից սկսած հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև հուլիսի 1–ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս առողջապահության և կրթության ոլորտներում, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։