Տեր Գարեգինի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչի որոշումը սպասվում է այսօր. փաստաբան

Տեր Գարեգինը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանի խափանման միջոցի հետ կապված որոշումն այսօր կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան հատուկ վերանայման բողոք էինք ներկայացրել։ Այսօր ակնկալվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի որոշման հրապարակում»,– ասաց նա։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։