ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանները որոշել են բողոքարկել դատարանի որոշումը

Փաստաբան Արմեն Անդրիկյանը միջնորդել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարութունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել նրա խափանման միջոցը տնային կալանք ընտրելու` դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 7-ին կայացել է Վարդան Հարությունյանի գործով դատական նիստը, որի ժամանակ դատարանը որոշել է փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ կիրառելով տնային կալանք։
«Միջնորդել էինք կալանքը չերկարաձգել, բայց դատարանը որոշեց կիրառել խափանման միջոց տնային կալանքը»,- նշեց Անդրիկյանը։
Նա ընդգծեց՝ բողոք ներկայացնելու են, քանի որ դատարանի հիմնավոր կասկածի հետ համաձայն չեն և համարում են, որ ավելի մեղմ խափանման միջոց պետք է ընտրվի, օրինակ՝ գրավ կամ վարչական հսկողություն։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, նրա կալանքի ժամկետը վերջին անգամ մեկ ամսով երկարացվել էր հոկտեմբերին։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: