Էներգետիկ համակարգից 30 մլրդ դրամ դուրս է մնացել․ Դավիթ Ղազինյան

Ղազինյանի խոսքով՝ եթե էներգետիկ շուկայում ավելցուկ գոյանար, դա հնարավորություն կտար բնակիչների համար սակագինը 5 դրամով իջեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ 2023-2025թթ․ ընթացքում Հայաստանի էներգետիկ շուկայից շուրջ 30 միլիարդ դրամ դուրս է մնացել, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազեցվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
2022թ-ի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է: Շուկայում վերացվել է արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մեկ անձի կողմից գնելու և վաճառելու մենաշնորհը։ Եթե նախկինում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էր բոլոր արտադրողներից գնում էլեկտրաէներգիան և վաճառում սպառողներին, ապա 2022թ–ին այլ ընկերություններ ևս հայտնվեցին շուկայում։
Ղազինյանն ընդգծեց՝ շուկայի ազատականացումը ներմուծվել է իբրև թե այլ երկրների փորձով, դրամաշնորհներով, ներմուծողներից շատերն էլ այսօր պետական համակարգում են աշխատում։
«Ստեղծվում են թրեյդերներ, որոնք վաճառում են կվտտ, և և խոշոր սպառողները կվտտ-ը գնում են էդ թրեյդերներից, ոչ ՀԷՑ-ից․․․ Ամբողջ Հայաստանի բնակչությունը (բնակիչ-բաժանորդ– խմբ․) տարեկան ծախսում է 2 մլրդ կվտտ։ Սա նշանակում է, որ այդ 30 մլրդ դրամը դուրս չգալու դեպքում տարեկան միայն 5 դրամ այդտեղ կարող էր գնիջեցում լինել, իսկ սոցիալապես ամենաանապահով խավի համար ընդհուպ կարող էր մոտեվնել անվճարին»,- նշեց Ղազինյանը։
Հավելեց՝ որոշ դեպքերում մոնոպոլիան ավելի լավ է, քան ազատականացումը, ու սա հենց այդ դեպքերից է։
Նրա խոսքով՝ թրեյդերներից հիմնականում գնում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հանրային բաժանորդները։ Ստացվում է, որ նրանք վճարում են ավելի ցածր գին, որի արդյունքում բնակչության համար սակագինը չի իջնում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։