Մայր աթոռում պատարագն ավարտվեց. աղոթք է հնչել հայ գերիների և ապօրինի բանտարկյալների համար

Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մայր աթոռում Սուրբ պատարագի արարողությունն ավարտվեց. Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է նշվում։
Այդ նպատակով Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այն ամբողջ պատարագի ընթացքում մնաց տաճարում։
Սուրբ պատարագի ժամանակ աղոթք հնչեց Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում բանտարկված սրբազանների ու գործարար Սամվել Կարապետյանի, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար։
Նշենք, որ զուգահեռ Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ էր» անցկացնում, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ նախագահի, մի շարք նախարարների և պատգամավորների հետ միասին։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։