ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 1 դրամով իջեցնելու առաջարկի մերժումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նշենք, որ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանն այսօր «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Դավիթ Ղազինյանն ընդգծեց, որ ՀԾԿՀ–ին սակագնի իջեցման և ՀԷՑ–ի ներդրումները շուրջ 12 մլրդ դրամով ավելացնելու առաջարկն արել են մինչև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի տակ հայտնվելը։
««Տաշիր կապիտալը» պնդում է, որ սակագնի իջեցում պետք է անել այս պահին, և մարդկանց էլ տեղյակ եմ պահում, որ դա լինելու էր միայն ու միայն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Մեր ազգաբնակչությունը րոպե առաջ պետք է ավելի նվազ սակագնով վճարում անի»,– ընդգծեց Ղազինյանը` ավելացնելով, որ սա ասում են, որպեսզի հանկարծ սակագնի նվազեցման այս հանգամանքն իշխանությունը չբերի ու կապի Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու հետ։
Նա անդրադարձավ նաև ՀԾԿՀ նախագահի այսօրվա այն հայտարարությանը, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
«ՀԾԿՀ պատասխանը ոչ մի բանի մասին էր. ասում է` սակագնի իջեցման նամակները մուտք են արվել, սակայն 12 մլրդ ներդրումների մասով` ոչ։ Մենք պնդում ենք, որ 3.6 մլրդ դրամի վերանայումը ենթադրում էր սակագնի նվազեցում։ ՀԾԿՀ–ի հաշվարկած 0.5 դրամ սակագնի իջեցումը սուտ է, քանի որ իմ հաշվարկներով` իջեցումը շատ ավելին էր լինելու. 3.6 մլրդ դրամի վերանայումը, իմ մոտավոր հաշվարկներով, կազմում է 1 դրամ»,– հայտարարեց Ղազինյանը։
Նա այն տպավորությունն ունի, որ իշխանությունները միտումնավոր ձգձգում են իրենց դիմումի քննարկումը, որպեսզի ՀԵՑ–ին լիցենզիայից զրկեն (ՀԾԿՀ կողմից ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթն ամփոփվելու է 2025 թ. նոյեմբերի 18–ին– խմբ), իսկ հետո մարդկանց ասեն, թե իրենք եկան հրեշտակների թևերով և 2026 թ. փետրվարից սակագինը կիջեցնեն` այդպիսով ամեն ինչ վերագրելով իրենց։
«Լիցենզիայից զրկելուց դեպքում պետք է առաջարկ արվի սեփականատիրոջը` Սամվել Կարապետյանին։ Նրա կողմից չհամաձայնելու կամ չպատասխանելու դեպքում արդեն, ըստ իս, քանի որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը լրիվ իրենց ուզած ձևով է գրված ու շատ բաներ անհասկանալի են, գերակա շահ պետք է ճանաչվի, սեփականտիրոջը վճարվի անկախ գնահատողի կողմից ներկայացրած շուկայական արժեք + 15 տոկոս գումար»,– ընդգծեց Ղազինյանը։
Նա վստահ է, որ ՀԷՑ–ին լեցենզիայից զրկելու են, քանի որ կա քաղաքական պատվեր։ Ղազինյանը նաև ներքին համոզմունք ունի, որ այդ որոշումը հանձնաժողովի անդամները չեն գրելու, այլ արդեն գրված տալու են իրենց, իրենք էլ դա կատարելու են։
Դավիթ Ղազինյանը նշեց` դիմելու է ՀԾԿՀ–ին, որ ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթ կիրառելու նիստի ժամային սահմանափակումը հանվի։ Նա խոստացավ` նիստը բավականին հետաքրքիր է լինելու. բազմաթիվ անակնկալներ են սպասվում։
«Վերջին հաշվով` Սամվել Կարապետյանը կորցնում է ՀԷՑ–ը, սակայն իր գումարները հետ է ստանալու։ Այսինքն, ժողովրդի հաշվին քաղաքական հարց է լուծվում։ Նաև ՀԷՑ–ի կառավարումն է շատ մտահոգիչ. լինելով ներսի մարդ` ես ինչեր եմ տեսնում ու լսում.... Աստված էլ բեթարից ազատի...»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։