ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկել է 2026 թվականի համար վիզային երկրներից օտարերկրյա աշխատողների ներգրավման քվոտա սահմանել 278,9 հազար մարդու չափով։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Խոսքը քվոտայի մեխանիզմով որակյալ մասնագետներ վարձելու թույլտվությունների մասին է, որը, ինչպես նշում են նախարարությունում, ռուսաստանցի գործատուներն ավելի հաճախակի են օգտագործում։
Գերատեսչությունում միաժամանակ ընդգծել են, որ սահմանված քվոտան չի նշանակում մուտքի ավտոմատ թույլտվություն: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ձևակերպի աշխատանքային վիզա և ստանա աշխատանքի թույլտվություն։ Մուտք գործողների փաստացի թիվը, որպես կանոն, հաստատված սահմանաչափից ցածր է լինում, քանի որ նույնիսկ դրա սահմանումից հետո մարզերը շարունակում են մասնագետներ փնտրել երկրի ներսում:
Քվոտան ձևավորվում է տարածաշրջանային և դաշնային մակարդակներում հաստատված գործատուների դիմումների հիման վրա: Դրա մի մասն օգտագործվում է արդեն աշխատող օտարերկրացիների թույլտվությունները երկարացնելու համար, ուստի միշտ չէ, որ խոսքը նոր աշխատանքային միգրանտների մասին է։ Հիմնական երկրները, որոնցից նախատեսվում է աշխատողներ ներգրավել, Չինաստանն է, Թուրքիան, Հնդկաստանը, Սերբիան և այլ պետություններ, որոնց հետ Ռուսաստանը վիզային ռեժիմ ունի:
Գերատեսչությունում նշել են խոշոր ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում աշխատող մասնագետների, այդ թվում՝ տեխնոլոգիական խողովակաշարեր և սարքավորումներ տեղադրողների, ամրանագործների, բետոնագործների, էլեկտրական եռակցողների, շինարարության և տեղադրման աշխատանքների վարպետների, էլեկտրամեխանիկների պահանջարկի աճը:
Քվոտաներ պահանջվող նախագծերի թվում Ամուրի գազաքիմիական և գազի վերամշակման համալիրներն են, «Վոստոչնի» տիեզերակայանի երկրորդ հերթը, Սկորոդինոյի մեթանոլի արտադրությունը, Ուստ-Լուգայի գազաքիմիական կլաստերը, «Մալմիժսկոյե» հանքավայրի լեռնահարստացման գործարանը, մասնավոր Խաղաղօվկիանոսյան երկաթուղին, Խաբարովսկի «Էլգա» նավահանգիստը և ՋԷԿ-4-ը, ինչպես նաև «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին:
Հիշեցնենք, որ քվոտան կիրառվում է միայն վիզային երկրների օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, իսկ քվոտայի ծավալը յուրաքանչյուր տարի ձևավորվում է հաջորդ տարվա գործատուների հայտերի հիման վրա: