ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են և՛անտառամերձ տարածքներում, և՛ համայնքի ներսում, և՛ կամրջի մոտ, և՛ Սևանա լճի ափամերձ հատվածներում, սակայն արդյունք դեռևս չկա։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանության տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Նավակներով են նաև փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնում։ Անօդաչու թռչող սարքերով էլ ամբողջ պարամետրով աշխատանքներ ենք իրականացրել, դեռևս արդյունք չկա»,- ասաց Ցուցուլյանը։
Հավելեց՝ փոքրիկ երեխայի որոնողական աշխատանքները գիշերը ևս չեն դադարեցվելու։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում 3-ամյա Տիգրանի մորեղբոր որդին ասել էր՝ ընտանիքը կարծում է՝ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։
«Չեմ կարող ասել՝ որտեղից է հարազատը նման վարկած ասել, բայց ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»,- ասաց Ցուցուլյանը։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։