Սրբուհի Գալյանը մեկնաբանեց Հովհաննավանքի միջադեպն ու Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը

Սրբուհի Գալյանի խոսքով` անձնական կյանքի ցանկացած միջամտություն ոչ միայն անընդունելի, այլև քրեորեն պատժելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը չգիտի՝ ով կամ ինչու է տեսագրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իբրև անձնական կյանքին վերաբերող տեսանյութը։ Նա ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում միայն ասաց, որ եթե տեսանյութը կեղծ չէ, ապա հանցագործության մասին հաղորդում պետք է ներկայացնել։
Նշենք, որ հոկտեմբերի 24–ին տարբեր Telegram-ալիքներ սկսեցին տարածել ինտիմ կյանքի մանրամասներ պարունակող տեսագրություն, որը վերագրվում էր բարձրաստիճան հոգևորականի` Արշակ սրբազանին։
«Ես չեմ կարող ասել՝ ով դա կարող է անել կամ չի կարող անել, միայն կարող եմ ասել, որ երևույթն անընդունելի է։ Անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև քրեորեն պատժելի»,– նշեց Սրբուհի Գալյանը։
Արդարադատության փոխնախարարն անդրադարձավ նաև երեկ Հովհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագի ընթացքում միակ այլ կարծիք ասած քաղաքացու բերանը փակելուն և ուժով եկեղեցուց հեռացնելուն։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ ինքը նման կադրեր չի տեսել։
«Եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե, քննադատելի է։ Ես կադրեր չեմ տեսել, բայց բռնությունը ոչ միայն քննադատելի, այլև օրենքով պատժելի է։ Եթե այդպիսի բան է տեղի ունեցել, որը, կրկնեմ, ես չեմ տեսել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները և տան համապատասխան գնահատական»,– շարունակեց Սրբուհի Գալյանը։
Ինչպես հայտնել ենք, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) կիրակի` հոկտեմբերի 26–ին, Հովհաննավանքում «պատարագ» մատուցեց, որին մասնակցում էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Քաղաքացիներից մեկը Հովհաննավանքում բղավեց. «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը անմիջապես փակեց քաղաքացու բերանն ու հանեց նրան եկեղեցուց։