Sputnik Արմենիան Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ զրուցել է կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) շուրջ ստեղված իրավիճակից։ Հոգևոր հովիվը նկատել է, որ իր հոգևոր եղբայրը շեղվել է ճանապարհից ու հորդորել է Ստեփան Ասատրյանին ապաշխարել, քանի որ կա երկու ճանապարհ՝ կա՛մ Հուդայի վախճանը, կա՛մ ապաշխարությամբ ուղիղ ճանապարհի մեջ մտնելը և քրիստոնյայի կյանք ապրել։
Կարգալույծ եղած նախկին քահանա տեր Արամը` Ստեփան Ասատրյան գավազանի անունով
© Sputnik
– Տեր Հուսիկ, եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանան չի լքում Հովաննավանքը, Մայր Աթոռն էլ հայտարարություն տարածեց իրավական ճանապարհով սեփականությունը պաշտպանելու մտադրության մասին։ Հոգևոր տեսանկյունից ինչպե՞ս է գնահատվում Ստեփան Ասատրյանի` Հովհաննավանքում գտնվելու և այնտեղ գործունեություն ծավալելու հանգամանքը։
– Ցավոք սրտի, Ստեփան Ասատրյանն այլևս կորցրել է եկեղեցու հոգևոր արժեքը, որովհետև Քրիստոս ամեն մեկի համար խաչի եղավ։ Այսօր, կարծես թե, եկեղեցին նա ցանկանում է օգտագործել իր կայացման համար, այդ սրբությունը ծառայեցնել իրեն, բայց մենք կոչված ենք սրբությանը ծառայելու` անկախ նրանից հոգևորական ենք, թե հավատացյալ։ Մենք գալիս ենք եկեղեցի փրկություն ստանալու, բայց Սուրբ պատարագը դարձել է կարծես խաղալիք, իսկ Սուրբ պատարագն այն երևույթն է, երբ որ հացը և գինին դառնում են Աստծո ճշմարիտ մարմինը և արյունը, Աստծո հետ հաղորդակցությունն է։
Կարող եմ ասել, որ այստեղ անհավատության տարրեր կան։ Մեր սրբազան խորհուրդների հանդեպ այդպիսի փնթիություն պետք չէ, սա Աստծո համբերությունը շահարկել է։ Մենք պատմության ընթացքում տեսնել ենք, որ այսպես Աստծո համբերությունը շահարկողները ինչպիսի՜ չարաչար մահերով են մահանում։ Աստծո հանդեպ երկյուղը կորցրած վիճակ է։ Իմ հորդորն է, թեև գիտեմ, որ իմ հորդորին չպիտի լսի, բայց` այստեղ կա երկու ճանապարհ՝ կա՛մ Հուդայի վախճանը, կա՛մ ապաշխարությամբ ուղիղ ճանապարհի մեջ մտնելը և քրիստոնյայի կյանք ապրել։
– Այսինքն` Ստեփան Ասատրյանը ոչ միայն որպես հոգևոր հայր է խախտել եկեղեցու կանոններն ու դրա պատճառով էլ կարգալույծ է արվել, այլ որպես հավատավոր մարդ մեղքի մեջ է։
– Եկեք տրամաբանենք` ո՞նց կարող է հավատացյալ մարդը Աստծու մարմնի և արյան հանդեպ այդպիսի քայլեր անի, կամ Աստծու սուրբ եկեղեցու հանդեպ ո՞նց կարող է այդպիսի քայլ անի։ Հարսանիքի հրավիրված անձը, փեսայի և հարսի պատիվը ճանաչողը, ո՞նց կարող է իրեն պահել այդ կերպարանքով։ Դա անհնար է, ուրեմն` չես հարգում դու ո՛չ հարսին, ո՛չ փեսային։
– Մարդիկ գալիս են Հովաննավանք ու ասում, որ ծեսը պետք է Ստեփան Ասատրյանը կատարի` հիմնավորելով, որ լավ քահանա է, մարդակային կապեր են հաստատված։ Ի՞նչ ունեք ասելու այդ մարդկանց։
– Բոլոր աղանդների հիմնադիրները և բոլոր չար մտքով եկողները քաղցր լեզու ունեն և լավ մարդիկ են եղել, որոնք կարողացել են իրենց հետևից զանգվածներ տանել։ Խորհուրդը կատարողը օծյալ քահանա պիտի լինի, որովհետև օծությամբ տրվում է իրեն խորհուրդներ կատարելու իշխանություն, և եկեղեցին է տալիս այդ իշխանությունը։ Եվ եթե եկեղեցին վերցրել է քեզանից խորհուրդներ կատարելու իշխանությունը, այլևս դու չես կարող խորհրդակատար լինել, իսկ ժողովուրդը, որոնք մասնակից են լինում նրա մոլորությանը, նրա մոլորությամբ են շաղախվում են ու բաժնակից են լինում այդ ստին։
Եվ նաև անպայման ուզում եմ նշել, որ սերը առ եղբայրը նա չէ, որ դու իր սխալին ասես՝ «ճիշտ է քո սխալը»։ Ոչ, սերն այն է, երբ դու քո եղբորը ճշմարտությունն ես ասում։ Մարդիկ, որոնք հավաքվել են նրա կողքին և նրան ծափահարում են, ոչ թե բարեկամներ, այլ նրա թշնամիներն են, որովհետև իրենց վարքով ստիպում են, որ մարդը մնա մեղքի մեջ։ Ես հորդորում եմ նորից, որ ապաշխարության գա, որ վերադառնա։ Այս աշխարհը շահելով, մեր հոգին կորցնելով` մենք ոչինչի չպիտի հասնենք, և մենք չգիտենք՝ մեր կյանքը ե՞րբ կավարտվի, և Աստված է կյանքերի տերը, Աստված է եկեղեցու տերը, Աստծո դեմ են դուրս եկել ուղղակի։
–Տեր Հուսիկ, օծումից զրկված քահանան ասում է, որ Աստված է օծել իրեն։
– Իր ձեռնադրությանը ես ներկա չեմ եղել, բայց ես վստահ եմ, որ իր իրեն օծել է եկեղեցու պաշտոնյան, որին ինքը գոնե մինչև վերջին մի ամիսը հարգել, սիրել և խոնարհվել է նրա աջի առջև ու համբուրել է։ Աստծու անունը տարբեր կերպ կարող ենք շահարկել։ Աստված երկրորդ անգամ չի մարդանա, մարմնանա, որպեսզի արդիական հարցերին արդիական պատասխաններ տա, երկրորդ անգամ կգա որպես դատավոր։ Սրա համար կա եկեղեցին, որ իր բարձրագույն խորհրդով արդի հարցերին լուծումներ է տալիս, և Աստծո ձայնն է եկեղեցին երկրի վրա, այն եկեղեցին, որը որ մեզ տվել է Աստվածաշունչը, այն եկեղեցին, որը որ 1000-ավոր տարիներ շարունակ մեզ ուղղորդում է դեպի Աստված, դեպի փրկություն։ Հիշենք՝ եկեղեցուց դուրս փրկություն չկա, սա այն հավատն է, որին որ Ստեփան Ասատրյանը դավանել է մինչև վերջերս, իսկ ինքն այսօր իրեն դրել է եկեղեցուց դուրս վիճակում։
–Հաշվի առնելով, որ քրիստոնեությունը համարվում է սիրո և ազատ կամքի վրա հիմնված կրոն, որքանո՞վ եք կարևորում այն կարծիքը, որ եկեղեցին պետք է ավելի խիստ կանոնակարգեր սահմաներ՝ սկսած եկեղեցի մուտք գործելուց մինչև ծեսերի կատարում, որպեսզի նաև հավատացյալները գիտակցեն օծյալ քահանաների դերը։
– Եկեղեցին, բնականաբար ունի իր կարգերը, կանոնները՝ եկեղեցու մուտք գործելուց սկսած, եկեղեցում կեցվածքի, հագուստի վերաբերյալ և այլն, և այլն։ Այս ամենը կա եկեղեցում և հիմնված է Աստվածաշնչի և այն սրբազան ավանդության վրա, որ եկեղեցին կրում է։ Այո, եկեղեցին սիրո և բարության մարմնացում է, բայց չմոռանանք նաև Աստծու օրինակով, որ Աստված սեր է, բայց Աստծու սերը մարդուն մեղքի չի տանում, այլ Աստծու սերը արդարության հաշվին չէ։ Մենք չենք կարող արդարության հաշվին սեր խաղալ։
Եվ պիտի հիշենք, որ քրիստոնեությունն աստվածասիրություն կոչ է անում։ Մենք ունենք օրենքներ և Աստվածաշնչից եկած պատվիրաններ մեր Տիրոջ կողմից տրված, որոնք սիրո գաղափարի մեջ են, բայց ոչ թե մեղքի տանելու համար, այլ մեղքից հետ բերելու։ Դրա համար սրտի ցավով և սիրով կոչ եմ անում Ստեփան Ասատրյանին թողնել աշխարհը շահելու, պատմության մեջ լավ կամ վատ հետք թողնելու այդ մարմանջը և իր հոգու մասին մտածել։ Լավ, իր հոգու մասին չի մտածում, այդ մարդկանց մասին մտածի։
–Տեր Հուսիկ, կարծիք կա, որ կարգալույծ արված քահանան, դիպչելով մեռոնին, պղծում է այն, բարձրանալով խորան` պղծում է այն։
– Կարգալույծ եղած քահանան դասվում է աշխարհայինների շարքը, և դպիր կամ եկեղեցում ծառայող որևէ մեկին այդ իշխանությունը չունի Սկիհին կպնելու կամ Մեռոնին կպնելու. իրեն թույլատրված չէ այդ սուրբ անոթներին կպնել։ Միայն սարկավագը կարող է Սկիհին կպնել կամ Ավետարան կարդալ և այլն։ Սա եկեղեցական կարգ ու կանոնով, Աստվածաշնչով հաստատված է։ Ասեմ նաև, որ սրա օրինակը մենք ունենք Հին կտակարանում, երբ որ անարժանաբար կպան Ուխտի տապանակին, և նրանց ձեռքերը կտրվեց։ Այսինքն՝ եկեք Աստծուց մի քիչ երկյուղ ունենանք, որովհետև Աստծո երկյուղը իմաստության սկիզբն է։ Իմ սիրելի ժողովուրդ, իմաստության սկիզբը Աստծո հանդեպ երկյուղն է։ Երկյուղ կրենք Աստծուց։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։