Տեր Սարգիսը, ով պետք է պատարագ վարի Հովհաննավանքում, կանչվել է ՔԿ

Օհանավանի որոշ բնակիչներ և այլ տղամարդիկ էլ, ինչպես նաև կարգալույծ եղած տեր Արամը, Տեր Սարգսին հորդորել են դադարեցնել ծառայությունը Հովհաննավանքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Նախատեսված է, որ Հովհաննավանքում կիրակի օրը պատարագն իրականացնելու է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։ Այս մասին քահանան ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ըստ եկեղեցական կարգի, քանի որ ինքը (Ստեփան Ասատրյանը) կարգալույծ է արված, կիրակի օրը պատարագը կմատուցեմ ես։ Մինչև կիրակի կտեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց քահանան։
Անդրադառնալով Հովհաննավանքում հոկտեմբերի 23-ին Ստեփան Ասատրյանի (կարգալույծ արված Տեր Արամ քահանա) և որոշ քաղաքացիների հետ տեղի ունեցած տարաձայնություններին՝ Տեր Սարգիսը նշեց, որ իրեն հավաքված տղամարդիկ հորդորել են դադարեցնել ծառայությունը Հովհաննավանքում։ Նա ընդգծեց, որ այդ նույն կարծիքին է նաև Ստեփան Ասատրյանը։
Տեր Սարգիսը նաև ընդգծեց, որ քննչական կոմիտեից իրեն ծանուցում են ուղարկել, սակայն մանրամասներին դեռ չի տիրապետում, ուղղակի հրավիրել են ՔԿ։
Տեղում գտնվող փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ ենթադրվում է, որ հենց կիրակի օրը կկանչեն քննչական կոմիտե, որպեսզի չկարողանա պատարագին ներկա լինել (ավելի ուշ նա ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ քահանային ՔԿ են կանչել հենց կիարկի, ժամը 9-ին-խմբ)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։