Գյումրիում ձերբակալվածներից մեկը ՔՊ–ական Կարեն Սարուխանյանի զոքանչն է

ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը Գյումրու քաղաքապետարանի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։
Հոկտեմբերի 23-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։
«Վարդուհի Փիլոյանը ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է»,– հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Հիշեցնենք` ըստ ՔԿ–ի` Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ 13 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: