ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ասել է, որ ցանկանում է 2020 թվականի տավուշյան իրադարձությունների հետ կապված տեսագրություն ներկայացնել դատարանին, սակայն նախքան դա խնդրել է, որ ապահովվեն անհրաժեշտ պայմանները՝ այն իր փաստաբանի հետ դիտելու համար։
Հայ գերիների դատը Բաքվում
© Photo
Դատավորը նշել է, որ նման պայման կստեղծվի «դատական նիստի» ընդմիջման ժամանակ։
Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն էլ, ըստ ադրբջանական լրատվամիջոցների, միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով որպես վկա դատարան կանչել Հայաստանում ծնված և այնտեղ բնակվող Կնյազ անունով մի ադրբեջանցու։
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում
© Photo
Ըստ հրապարակումների` Մանուկյանն ասել է, որ նրա ազգանունը չի հիշում, գիտի միայն, որ Կնյազն աշխատում է Մասիսի շրջանի Սայաթ Նովա գյուղի գունավոր մետաղների վերամշակման գործարանում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: