ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Մուրացան» մանկական հիվանդանոցում 15-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տվյալ հիվանդանոցի Դիմածնոտային բաժանմունքում։ Նշվում է, որ երեխայի մոտ բերանի հատվածի խնդիր է եղել, ցավից չի կարողացել բացել այն: Ընդհանուր անզգայացման ժամանակ ինտուբացիան ճիշտ չի արվել, ինչի պատճառով աղջիկը խեղդվել է ու արձանագրվել է սրտի կանգ։
«Համացանցում նշվում է, որ աղջիկը մահացել է վիրահատության ժամանակ, բայց վարույթով նման տվյալ չկա։ «Մուրացան» ԲԿ-ում անչափահասի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը Կիմա Ավդալյանը։
Նա ընդգծեց, որ ներկայում նախաքննություն է կատարվում, այլ տեղեկություններ դեռ չկան։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ նման դեպքերը մտահոգիչ են։
«Իհարկե տեղյակ ենք դեպքի մասին։ Գործը գտնվում է պատկան մարմինների լիազորության տիրույթում, այն է` իրավական, նախաքննական գործընթացում: Խորպես ցավում ենք»,- ասաց Ծատրյանը:
Նա ընդգծեց, որ դեպքի հետ կապված կսպասեն փորձաքննությանը՝ հասկանալու համար, թե ինչն է եղել մահվան պատճառը։