ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Քննչականից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «անձը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական ԶԼՄ-ներն 2023 թվականին արված ձայնագրություն են տարածել, որում Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրում է, թե իբր ստիպում է, որ ինքն ընտանիքի անդամների հետ հանրահավաքի մասնակցի։
ArmLur.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել է՝ ՔԿ-ում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քննության առարկա կդարձնի Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու Վեհափառի նախկին գավազանակրի խոսակցության ձայնագրությունը։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։