ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Փաշինյանն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նա սոցցանցերում տեսագրություն է հրապարակել և գրել, որ հանդիպումն արդյունավետ է եղել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
«Փաշինյանը և Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ»,– ասված է վարչապետի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
Նշենք, որ ՀՀ վարչապետը վաղը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի նախորդ անգամ Վրաստան էր այցելել այս տարվա մարտի 23-ին. այդ օրը երեկոյան նա Իրակլի Կոբախիձեի հետ հետևել էր Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: