Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել

Մայր աթոռից հայտնում են, որ Արամ քահանան մի շարք կարգապահական խախտումներ է թույլ տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
«Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, վերջին 1 ամսում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, չի ներկայացել հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- ասված է հաղորդագրությունում։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարության մեջ հանցագործության տարր են տեսել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն և իշխանամետ «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Բերման ենթարկված հոգևորականներից 3–ի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Այս պահի դրությամբ կալանքի որոշում է կայացվել նրանցից 2–ի նկատմամբ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
Արամ քահանա Ասատրյանը լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։