Գազի արտահոսք և պայթյուն Գավառ քաղաքում․ կա 1 հոսպիտալացվել է

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազի արտահոսք և պայթյուն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի շենքերից մեկի բնակարանում։ Կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին։ Հայտնել են, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։