Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» կուսակցության ղեկավարի պաշտոնը

Արամ Վարդևանյանի հայտարարությանը հաջորդեցին «Ազատություն», «Սամվել» վանկարկումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երբ «Մեր ձևով» շարժումն առաջիկայում դառնա կուսակցություն, գործարար Սամվել Կարապետյանն այդ պահից սկսած պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ ՀՀ ազգային անվտանգության շենքի մոտ այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը` նշելով, որ այդ մասին Կարապետյանն իրեն ասել է այսօր առավոտյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվում ` ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում էին Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները` կինը, զավակները և եղբայրը։
«Սամվել Կարապետյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման` առաջիկայում կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»,– ընդգծեց նա։
Նրա այս հայտարարությանը հաջորդեցին «Ազատություն», «Սամվել» վանկարկումները։
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի վարկանիշը մոտ 5 անգամ ավելացել է․ հարցախույզ
«Մեր ձևով» շարժումը նախատեսում է քաղաքական միավոր դառնալու գործընթացը սկսել 2026 թվականի հունվարին։