ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանություններին այդպես էլ չհաջողվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ համապատասխան հանրային կարծիք ձևավորել, որպեսզի հնարավոր լիներ կիրառել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վեհարանը խաղաղ ազատելու սցենարը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածվող հեռախոսազանգի ձայնագրությունը։
Հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Ձայնագրությունում Աղան աբեղա Երնջակյանը Նաթան սրբազանին դժգոհում էր նաև կաթողիկոսի` իր համար ընտրված ծառայության վայրից. Վեհափառը որոշել էր, որ նա պետք է ծառայի Վանաձորում։
«Որպեսզի Փաշինյանը Էջմիածնում խաղաղ հավաք կազմակերպեր, և Ամենայն հայոց կաթողիկոսը վեհարանն ազատեր, պետք է լիներ համապատասխան հանրային կարծիք, որը իրենց այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Հիմա փորձում են այլ եղանակներով եթե ոչ եկեղեցու դեմ հանրային կարծիք ձևավորել, գոնե զանգվածային անտարբերության մթնոլորտ ստեղծել եկեղեցու հանդեպ»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում երկու խնդիր կա, առաջինը` բարոյական և իրավական է, որ մարդկանց գաղտնալսում են և տարածում են։ Մյուս խնդիրն արդեն քաղաքական է։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և պետք է բոլորին ձերբակալել, վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իշխանությունը կարողանա վերարտադրվել։
«Սա գաղտնալսումների առաջին դեպքը չէ, և դա իշխանությունն է կազմակերպում` օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները։ Գաղտնալսումն արվում է դատարանի որոշմամբ, բայց երբ գաղտնալսում են մարդկանց և տարածում են ինչ–որ խնդիրներ լուծելու համար, դա արդեն շատ վատ երևույթ է, և, ցավոք սրտի, հասարակությունը հիմնականում այդ վատ երևույթին գնահատական չի տալիս։ Ապօրինի գաղտնալսումն ակնհայտորեն դատական գործի հիմք է»,–ասաց նա։
Քաղաքագետը վստահ է` որքան ընտրությունները մոտենան, այդքան ավելի են շատանալու փաստաբանների, լրագրողների, քաղաքական գործիչների ձերբակալությունները։ Որոշ կուսակցությունների արգելելու են գործունեություն ծավալել, ինչը միջազգային ասպարեզում Մոլդովայի, Ռումինիայի և այլ երկրների օրինակով, արդեն սովորական երևույթ է դարձել։
Նա վստահ է` իշխանությունները նման քաղաքականությամբ փորձում են ցույց տալ, որ երկրում ոչ ոք պաշտպանված չէ, որպեսզի իրենք ընտրությունների ժամանակ անեն այն ամենը, ինչը ցանկանում են։
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, Դանիելյանը հեգնեց. «Իսկ ո՞վ ասաց, որ հիմա ժողովրդավարություն գոյություն ունի։ Այն գոյություն չունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ժամանակակից աշխարհում»,–ասաց նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։