Գարեգին 2-րդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը այսօր հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ։ Այդ մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Նա իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։