ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայկական Tech 404 ընկերությունը մինի հաղորդիչ է մշակել, որը թույլ է տալիս հետևել շենքերում բետոնի վիճակին և արձանագրել ստորգետնյա ցնցումները: Ընկերության համահիմնադիրներ Հովհաննես և Արեգ Մկրտումյան եղբայրները այս և այլ նորույթները ներկայացրել են Երևանում կայացած DigiTec 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում:
Մոտ մեկ սանտիմետր տրամագծով փոքրիկ պլաստմասե պատյանում պարփակված ազդանշանային սարքը տեղադրվում է անմիջապես բետոնի մեջ այն լցնելու ժամանակ։ Սարքը փոխանցում է տվյալներ խոնավության և ջերմաստիճանի մասին՝ հնարավորություն տալով որոշելու՝ արդյոք նյութի չորացման գործընթացը ճիշտ է ընթանում։
Յուրաքանչյուր հարկում այս սարքերից երեքը տեղադրելով՝ կարելի է ձևավորել չափման հարթություն (որը, ինչպես գիտենք, պահանջում է առնվազն երեք կետ): Եթե հարթությունը «թեք» է, դա կնշանակի շենքի հիմքում կամ պատերում տեղաշարժ կա։
Ներկառուցված արագացման հաղորդիչը սարքը վերածում է մինի սեյսմոգրաֆի, որը հայտնաբերում է նույնիսկ ամենափոքր ցնցումները: Ազդանշանային սարքը սպառում է նվազագույն էներգիա և, ըստ մշակողների, կարող է ինքնուրույն աշխատել մինչև 20 տարի: Դրանից հետո այն կարող է անլար լիցքավորվել:
Էներգաարդյունավետությունը ձեռք է բերվում նաև «քնի ռեժիմի» շնորհիվ. սենսորը ակտիվանում է ժամը մեկ, փոխանցում տվյալները և նորից անջատվում։ Սակայն ստորգետնյա տատանումների դեպքում այն «արթնանում» է։ Տվյալների փոխանցման հաճախականությունը և ցնցումների զգայունությունը կարող են կարգավորվել:
Մկրտումյան եղբայրների մեկ այլ գյուտը Wi-Fi մոդուլով էլեկտրոնային հաշվիչներն են, որոնք ցուցմունքներն ինքնուրույն փոխանցում են սերվերին: Դրանց առանձնահատկությունն այն է, որ ինքնալիցքավորվում են ջրի կամ գազի հոսքից:
Ինչպես հաղորդիչները, այնպես էլ հաշվիչները «կարողանում են քնել»․ եթե բաժանորդը ջուր կամ գազ չի սպառում, սարքն ավտոմատ անցնում է քնի ռեժիմի, իսկ սպառման վերսկսման դեպքում՝ ակտիվանում: Սարքը հագեցած է անջատիչ փականով, և օպերատորը (ջրամատակարարում կամ գազամատակարարում) կարող է ավտոմատ անջատման ալգորիթմ սահմանել չվճարման դեպքում՝ ամբողջությամբ կամ մասամբ:
Հաշվիչները կարող են հարմարեցվել խողովակների տարբեր տրամագծերի և հոսքի ուժի համար: Ի սկզբանե սարքը մշակվել է բնակարանների համար, սակայն դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Նմուշներից մեկն արդեն փորձարկվում է Արագած լեռան ստորոտում գտնվող մայրուղում։
«Եթե այնտեղ վթար է տեղի ունենում, կարող է մեկ ժամ կամ ավելի տևել, մինչև վարպետների բրիգադը հասնի դժվարամատչելի վայր և գտնի վնասված հատվածը։ Այդ ընթացքում խողովակից այնքան ջուր կարող է հոսել, որ կբավականացներ Երևանի մի ամբողջ թաղամասի համար։ Մեր սարքը ավտոմատ կերպով կփակի մատակարարումը մինչև վերանորոգողների ժամանումը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հովհաննես Մկրտումյանը։
Ընկերության երրորդ մշակումը անօդաչու թռչող սարքերի և Էլեկտրական սկուտերների համար նախատեսված մարտկոցներն են, որոնք կարելի է լիցքավորել սովորական Type-C մալուխի միջոցով, որն ապահովում է գերարագ լիցքավորում:
«Թե ինչու մինչև հիմա նման բան չեն արել դրոնների համար՝ չգիտեմ։ Հավանաբար այն պատճառով, որ արտադրողները ցանկանում են վաճառել իրենց լիցքավորիչները, որոնք արագ շարքից դուրս են գալիս և պահանջում կանոնավոր փոխարինում: Բայց ինչու, եթե այսօր յուրաքանչյուրը տանն ունի Type-C»,- ասում է Հովհաննեսը:
Նրա խոսքով՝ Tech 404-ը պատրաստ է արտադրել տարբեր տարողություններով մարտկոցներ՝ ինչպես դրոնների տարբեր մոդելների, այնպես էլ կուտակիչ այլ տեխնիկայի՝ էլեկտրասկուտերների, դյուրակիր հորատիչների և այլ սարքերի համար: