Տեր Փառենը դուրս եկավ ՔԿ–ից. նա հրաժարվել է խոսել առանց փաստաբանի

Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեր Փառենը ցուցմունք չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից։
Քահանան հարցերին չպատասխանեց, միայն ասաց. «Ամեն ինչ լավ է»։
Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեր Փառենը ցուցմունք չի տվել։
«Պնդել է, որ իրեն հրավիրեն փաստաբանով, և վաղը իրեն կանչել են փաստաբանով։ Այս ընթացքում երկար ժամանակ պահել են ներսում»,- ասաց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց, որ մյուս գործընկերները կփորձեն զբաղվել դեռևս քննչականում գտնվող մյուս հոգևորականների հարցով։
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել, ապա ձերբակալել նրան։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի 5 քահանաներ ու աշխարհիկ անձինք։ Քննչական կոմիտեն Sputnik Արմենիային հայտնեց, որ հոգևորականները ձերբակալվել են «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված հոգևորականների թիվը հասել է 11–ի, այդ թվում է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։