ՀՀ իշխանությունն իրականացնում է այն, ինչ չհաջողվեց Թուրքիային և Ադրբեջանին. Ալավերդյան

Իրավապաշտպանները չեն բացառում, որ Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ արշավը նաև ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ արված որոշակի քայլեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանություններն իրականացնում են այն, ինչ չհաջողվեց Թուրքիային ու Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ Հայաստանում հոգևորականների հետապնդումները քաղաքական բնույթ ունեն։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն է իրականացվել Արագածոտնի թեմի 5 քահանայի տներում։ Բոլորին ձերբակալել են։ Ձերբակալվել են նաև աշխարհիկ անձինք։

«ՀՀ գործող իշխանությունները սպասարկում են թուրք–ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, և ես դա ասում եմ` դատելով եղած արդյունքներից։ Այսինքն` այն, ինչ չէր ստացվում թուրք–ադրբեջանական միասնության մոտ տասնյակ տարիներ շարունակ, դա իրականացվում է հիմա` ՀՀ իշխանության ձեռքով»,– ասաց Ալավերդյանը։

ՀՀ նախկին ՄԻՊ–ին վրդովվեցնում է այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների շուրջ, և նա պահանջում է դադարեցնել այդ «անօրինական և հակապետական գործողությունները»։
«Իշխանությունները միտումնավոր թիրախավորում են հոգևորականներին, և բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու է դա արվում. եկեղեցին այն վերջին հաստատությունն է, այն վերջին սյունն է, որը կարողացել է մինչև անգամ պետականություն չունենալու ժամանակ պաշտպանել, զարգացնել հայ ազգը»,– նշեց իրավապաշտպանը։
Աստվածաբան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում այն կարծիքը հայտնեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում եկեղեցու շուրջ, ուղղակի բռնաճնշումներ են, որոնք հնարավոր է` շարունակվեն, քանի որ իշխանության և եկեղեցու միջև հաշտություն որևէ կերպ հնարավոր չեղավ հաստատել։
Աստվածաբանը չի բացառում, որ ՀՀ իշխանության` Հայ առաքելական եկեղեցուն ուղղված քայլերը թուրք–ադրբեջանական տանդեմի ուղղակի ազդեցության արդյունք են։
«Մենք հիմա գտնվում ենք աշխարհաքաղաքական մեծ խճապատկերի մեջ, որի լարումը գերաճել է։ Այդ պայմաններում մեր երկրում կամայական շարժումները, ցնցումները կարող են օգտագործվել մեր դեմ բոլոր մեր թշնամիների կողմից։ Օրինակ` Ադրբեջանը և Թուրքիան ինչո՞ւ չպետք է օգտագործեն ստեղծված իրավիճակն իրենց վերջնական նպատակը իրականացնելու համար։ Իսկ վերջնական նպատակը հասկանալի է. Հայաստանը, ինչպես իրենք են ասում, ժանգոտ սեպի պես խրված մեծ «Մեծ Թուրանի» ծրագրի մեջ, և այդ սեպը նրանք ուզում են վերացնել նաև այս կերպ»,– հայտարարեց պատմաբանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ հոգևորականները ձերբակալվել են հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Բանն այն է, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարությունից հետո «Araratnews» կայքն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հաղորդում են ներկայացրել, որի հիման վրա էլ ՔԿ–ում վարույթ է հարուցվել։